Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուբիկ Մկրտչյանի «Իմ Երևանը»

Ռուբիկ Մկրտչյանի «Իմ Երևանը»
04.11.2016 | 09:04

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում հոկտեմբերի 18-28-ին ներկայացված էին Ռուբիկ Մկրտչյանի աշխատանքները՝ «Իմ Երևան» խորագրի ներքո: Ցուցահանդեսը նվիրված էր հեղինակի ծննդյան 80-ամյակին:
Ներկայացնում ենք արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի «Կյանքի ու կարոտի գույներ» հոդվածից մի հատված՝ նվիրված Ռուբիկ Մկրտչյանի ստեղծագործությանը:


Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբիկ Մկրտչյանը մասնագիտական կրթություն չի ստացել, անվանի նկարիչներից ոչ մեկի արվեստանոցում չի աշխատել, նա նկարիչ ծնվել է... Նկարչությունը դեռ մանկուց ձայնել է հոգում, ու անդադրում նկարել է իր ձևով, իր զգայական ընկալմամբ, այնպես, ինչպես ինքն է տեսնում աշխարհը: Հաճախ առանց «կանոնների», առանց հաշվի առնելու գեղանկարչության մեջ ամենակարևորը՝ հեռանկարի և լուսաստվերի խնդիրները: Նկարել է ոչ մեկին չնմանվելով, մեծ սիրով ու ներշնչանքով, անկեղծ ու անմիջական:


Գեղանկարիչը դիտողին պարգևել է իր վերհուշերի աշխարհը, որն ամբողջովին կապված է իր հայրենի քաղաքի՝ Երևանի հետ: Տարիների ընթացքում փոխվել է քաղաքը, նոր տեսք ստացել, սակայն արվեստագետի հիշողության մեջ վառ է մնացել հնօրյա կերպարը, որն անհետացել է այսօր՝ իր հետ տանելով նկարչի մանկությունը: Հին Երևանին նվիրված շարքեր է նկարել Ռ. Մկրտչյանը: Մեծ կարոտով, նաև տխրությամբ են պատկերված Երևանի հին թաղամասերը, փողոցները, բակերը, շուկան, կամուրջը և այլն: Դրանք դիտողի մեջ հաճելի հուշեր են արթնացնում, ծնում խորհրդավոր ու երազային պահեր, լուսավոր թախիծով լցնում մարդու սիրտը: Հուշապատկերները կատարված են զնգուն կարմիր, դեղին, նարնջագույն ու կանաչ գույների և դրանց երանգների նուրբ համադրություններով: Այս կտավներով նկարիչն ասես պահպանել է քաղաքի անդարձ կորչող դեմքը, որն այնքան մոտ ու հարազատ է յուրաքանչյուր երևանցու:


«Կոնդ» կտավը պատկերված է առանձնակի վարպետությամբ ու պատկերային մանրամասներով. քարաշեն երկհարկանի տները՝ պատշգամբներով, խնամված այգիներով, հսկա դարպասներով կարծես լրացնում են մեկը մյուսին: Ամենաբարձր կետում եկեղեցին է...
Նկարիչը դիտողին ասես տանում է Կոնդի նեղ փողոցներով, ծանոթացնում բնակիչների առօրյային, որոնք առևտուր են անում շուկայում, ջուր կրում, նարդի խաղում, զրուցում են կամ պարզապես զբոսնում:


Ռուբիկ Մկրտչյանի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում լոկ Երևանով. նրան հավասարապես հետաքրքրում են նաև դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի ժանրերը, թեմատիկ-կոմպոզիցիոն կտավները:
Նկարչի համար Հայաստան աշխարհը ներշնչանքի անսպառ աղբյուր է: Ամեն տարի շրջելով գյուղերում ու քաղաքներում, պատկերել է նրա անկրկնելի բնությունը՝ Սևանա լիճն ու Շորժա գյուղը, Գառնին ու Բյուրականը, Կողբն ու Գետաշենը, ինչպես նաև Արցախը իր յուրօրինակ գեղեցկությամբ: Որքան սեր ու անկեղծ հիացմունք կա այդ բնանկարներում:
Հաճելի հուշեր է արթնացնում վառ ու երփնագեղ վրձնով ստեղծված «Կողբ գյուղը» կտավը: Մեր առջև բացվում է բազմաթիվ կերպարներով գունագեղ մի պատկեր: Փոքրիկ տնակներից դուրս են եկել գյուղի բնակիչները՝ դիտելու լարախաղացների ելույթը: Նկարիչը մանրամասնորեն պատկերել է գյուղի յուրաքանչյուր տունը իր պատշգամբով, հացատունը, գետը, կամուրջը, մարդկանց և հատկապես ներկայացման մասնակիցներին՝ երաժիշտներին, լարախաղացին ու ծաղրածուին: Անկեղծ ապրումներ կան այս կտավում: Այն հետաքրքիր է ոչ միայն թեմայով, այլև կոմպոզիցիայով, գունային գամմայով ու կոլորիտով:


Ռուբիկ Մկրտչյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում հատկապես նատյուրմորտները: Անթաքույց հիացմունքով ու վարպետությամբ են պատկերված հայկական քաղցրահամ մրգերը, դաշտային գույնզգույն ծաղիկները: Նկարչի համար ասես չկան ոչ գեղանկարչական թեմաներ, նա կտավին է փոխանցում այն ամենը, ինչը գրավում է հայացքը՝ հնաոճ պղնձե ջրամաններ, հնագույն խեցեղեն առարկաներ, հին հայկական բազմանախշ կարպետներ, առօրյայում օգտագործվող կենցաղային իրեր և այլն: «Նատյուրմորտ մրգերով», «Դաշտային ծաղիկներ», «Կակաչներ», «Երիցուկներ», «Նռներ», «Նատյուրմորտ չոր ծաղիկներով» և այլ գործերը աչքի են ընկնում կառուցիկ կոմպոզիցիայով, գունային ինքնատիպ լուծումներով ու զգացմունքայնությամբ:
Ռուբիկ Մկրտչյանի կտավներում լույս, ջերմություն ու սեր կա, անսահման մեծ սեր դեպի հայրենիքը, դեպի բնությունը, դեպի մարդը...

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ